Մեծ Բրիտանիայի լեգենդար վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ Պահպանողական կուսակցությունից բրիտանական խորհրդարանի անդամ Նիկոլաս Սոմզը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Բուա Բելոյում գտնվող գերեզմանոցը չայցելելու համար: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը «վատ եղանակի պատճառով»  չեղյալ է հայտարարել Բուա Բելոյի գերեզմանոց այցը:

«Նրանք մահացել են թշնամու հետ դեմ առ դեմ, իսկ այդ թշվառ ու անարժան Դոնալդ Թրամփը նույնիսկ չկարողացավ մարտահրավեր նետել եղանակին, որպեսզի հարգանքի տուրք մատուցի զոհվածներին», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլաս Սոմզը:

ԱՄՆ նախագահի փոխարեն գերեզմանոցում ներկա են եղել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, գեներալ Ջոն Քելին եւ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահը մի շարք այլ պետությունների ղեկավարների թվում է, որոնք  Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար ժամանել են Փարիզ:

Ավելի վաղ նա բանակցություններ էր վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, սակայն չեղարկել էր Բուա Բելոյի գերեզմանոց այցը, որտեղ թաղված են պատերազմին մասնակցած ամերիկացիները: