Թավրիզ-Երասխ նավթամթերքների խողովակաշարի կառուցման դեպքում Հայաստանը նավթամթերքներ կներմուծի ոչ միայն Իրանից, այլեւ՝ Պարսից ծոցի երկրներից: Այդ մասին NEWS.am-ին ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Նա հիշեցրեց, որ Պարսից ծոցում է գտնվում աշխարհում նավթամթերքների 2 բորսաներից մեկը, որտեղ կարելի է ցանկացած քանակի եւ որակի նավթամթերք ձեռք բերել։ Խնդիրը հեշտանում է նրանով, որ մինչեւ Թավրիզ այդպիսի խողովակաշար արդեն իսկ կա, մնում է այն շարունակել մինչեւ Հայաստան։ 

Ա. Մովսիսյանը նշեց, որ Պարսից ծոցում նավթամթերքների գներն ավելի էժան են Միջերկրծովյան գոտու նավթամթերքների գների համեմատ, տեղափոխման ծախսերը եւս ավելի էժան կլինեն։

«Պայմանավորվածությունն այնպիսին է, որ Իրանի տարածքում խողովակաշարը կկառուցի իրանական կողմը, Հայաստանի տարածքում՝ հայկական կողմը»,- ասաց Ա. Մովսիսյանը։ Հարցին, թե ի՞նչ միջոցներից է հնարավոր ֆինանսավորել խողովակաշարի կառուցումը, նախարարը պատասխանեց, որ դա շահութաբեր ծրագիր է, որը կարող է հետաքրքրել բազմաթիվ մասնավոր ներդրողների։ Չի բացառվում նույնիսկ պետական միջոցների ներգրավումը։

Նախնական հաշվարկներով՝ նավթատար խողովակաշարի կառուցման համար անհրաժեշտ է 100 մլն դոլարի ներդրում։ Խողովակաշարը պետք է ունենա 25 տարվա օգտագործման ժամկետ եւ այնպիսի թողունակություն, որը կապահովի Հայաստանի աճող տնտեսության պահանջմունքները։ Խողովակաշարի կառուցումից հետո անհրաժեշտ է կառուցել լրացուցիչ տերմինալներ։

Ա. Մովսիսյանի համոզմամբ՝ նավթամքերքների խողովակաշարը զգալի կազդի ներքին շուկայում նավթամթերքի գների վրա, մասնավորապես՝ բենզինի գների։ Բացի այդ՝ կառաջանա մրցակցություն տարբեր ներկրողների միջեւ։ Ըստ նախարարի՝ բենզինի նկատմամբ տարեկան պահանջարկը կազմում է մոտ 400 հազ. տոննա։