Մենք հայտ ենք ներկայացնում այս ընտրություններին մասնակցել որպես հիմնական ընդդիմադիր ուժ եւ կարծում եմ՝ ունենք դրա հնարավորությունը, ռեսուրսը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով այդ նիստում ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ։
«Մենք ունենք սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ, ինչը թույլ է տալու ընդդիմադիր ուժի կարգավիճակը լիարժեք օգտագործել առավել արդյունավետ կառավարում ունենալու համար։ Առաջիկա ընտրություններում չի որոշվելու, թե ով է լինելու իշխանություն։ Այդ հարցը, կարծես թե արդեն որոշված է։ Այն վարչապետը, որին հրապարակում հավաքվածները ճանաչեցին որպես ժողովրդի թեկնածու, պետք է շարունակի կատարել այն պարտականությունը, որն ստանձնել է։ Ինքն ունի ապացուցելու բան։ Մենք էլ պատրաստ ենք հավասարակշռելու, պարտադրելու, որ այն խոստումները, որ տրվում են ժողովրդին, լիարժեք կատարվեն՝ պարտադրելով, որ արտաքին քաղաքականության, առաջին հերթին Արցախի հիմնահարցի, ներքին զարգացման կարեւորագույն ուղղությունների հետ կապված կառավարությունը լիարժեք կատարի իր խոստումներն ու ծրագրերը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ իրենք գնում են ոչ թե ժողովրդից իշխանություն խնդրելու, ոչ թե լծակներ ունենալու, այլ գնում են քվե խնդրելու ծանր, պատասխանատու բեռ կրելու, ընդդիմություն լինելու։





























