ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները Հայաստանում դեկտեմբերի 9-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման մեջ առայժմ խախտումներ չեն նկատել: Դիտորդները Հայաստան են ժամանել նախորդ օրը:
Նոյեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրսուլա Գաչեկը հայտնեց, որ ընտրությունները համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին:
Դեսպանը հայտնեց, որ հանդիպել է ԿԸՀ ղեկավարի հետ. նրանք ամեն ինչը կազմակերպելու բարդ խնդիր ունեն եւ խոստացել են արագ աշխատել: «Իհարկե, քաղաքական տեսակետից սա կուսակցությունների համար անակնկալ էր: Սակայն մենք ցուցակները կազմելու եւ գրանցվելու առումով առայժմ խոչընդոտներ չենք նկատել: Եթե խախտումներ հայտնաբերենք, անպայման զեկույցի մեջ կներառենք: Եկեք սպասենք եւ տեսնենք, թե գործընթացն ինչպես կընթանա»,- նշեց Ուրսուլա Գաչեկը:
Ի պատասխան հարցին՝ արդյոք չափազանց քի՞չ չէ քարոզարշավի համար հատկացված 12 օր ժամանակը, դեսպանը նշեց, որ հստակ սահմանված որեւէ ստանդարտ չկա: «Մեզ համար ամենակարեւորն այն է, որ քաղաքական ուժերին հավասար իրավունքներ տրամադրվեն, իսկ մարդիկ կարողանան իրենց կարծիքն արտահայտել»,- նշեց Գաչեկը:











