Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Իմ գանձարանը» գունազարդման գրքույկի եւ «Մեր կյանքն Աստծո հետ է» ձեռնարկի հերթական հատորի շնորհանդեսը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ «Իմ գանձարանը» մանկական գիրքը հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ներառում է սուրբգրային դրվագներ, հայոց պատմության նշանավոր դեպքերի և դեմքերի մասին պատումներ:
«Մեր կյանքն Աստծո հետ է» գիրքն ուսումնամեթոդական ձեռնարկ է, որը կիրառվում է կիրակնօրյա վարժարաններում, որպես դասագիրք, իսկ այլ կրթական հաստատություններում` որպես օժանդակ գրականություն: Դասագիրքը հրատարակվել է ըստ տարիքային խմբերի` 6, 7-10, 10, 12, 14 տարեկան մանուկների և պատանիների համար` առաջին և երկրորդ մասերով, համապատասխան ուսուցչի ձեռնարկներով:



























