Թեհրանում զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում զոհված իրանցու հուղարկավորության ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել ընդդիմության ներկայացուցիչների եւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցների միջեւ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ուսանող Սանի Ժալեի թաղումը տեղի է ունեցել Թեհրանի գեղարվեստի համալսարանում: Ուսանողի մահվան հանգամանքները անհայտ են, պետական լրատվամիջոցները պնդում են, որ նրան գնդակահարել են ընդդիմադիրները, մինչդեռ ցուցարարները պնդում են, որ նա մահացել է ոստիկանության հետ բախումների ընթացքում, գրում է Lenta.ru-ն:
Ընդդիմության ելույթները Թեհրանում սկսվել են փետրվարի 11-ին, իսկ անկարգությունների առաջին զոհերը եղել են փետրվարի 14-ին: Մահմուդ Ահմադինեժադը դատապարտել է ընդդիմության ցույցը, իսկ իրանցի պատգամավորներն առաջարկել են մահապատժի ենթարկել ընդդիմության առաջնորդներին:





























