Հայաստանում կմշակվի լազերային ֆիզիկայի, տեխնիկայի եւ տեխնոլոգիայի զարգացման ծրագիրը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) փետրվարի 16-ին մեկնարկեցին  «Լազերային ֆիզիկա, տեխնիկա, տեխնոլոգիա» թեմայով լսում-քննարկումները:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ լրատվական ծառայությունից՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձել է 50-ամյա զարգացման ընթացքում լազերային ֆիզիկայի նվաճումներին ու ձեռքբերումներին՝ կարեւորելով հատկապես լազերային ֆիզիկայի դերը գիտության, տեխնիկայի եւ տնտեսության կոոպերացիայի մեջ:

«Պետք է նայել, թե ինչ հետազոտություներ են անցկացվում մեր երկրում, ինչ խնդիրներ կան եւ ինչ լուծումներ են առաջարկվում»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը: 

Քննարկումները վերաբերվում են ինչպես լազերային ֆիզիկայի հիմնարար խնդիրներին, այնպես էլ կիրառական նշանակության հարցերին: Քննարկման ընթացքում կներկայացվեն 24 գիտական զեկույցներ: Արդյունքները հիմք կհանդիսանան Հայաստանում լազերային ֆիզիկայի, տեխնիկայի եւ տեխնոլոգիայի զարգացման ծրագրի ձեւավորման համար: