Facebook-ի վերջին թարմացումները գրեթե կաթվածահար են արել էջերի ադմինների աշխատանքը։ Բանն այն է, որ էջերի կառավարման դյուրացման համար Facebook-ի խումբը փետրվար ամսին ծրագրային թարմացումներ է սկսել կատարել, սակայն, ամենայն հավանականությամբ, ծրագրում «ինչ-որ մի բան այն չի արել»։
Facebook-ում բացված ֆորումում ադմինները գրում են, որ զրկվել են էջերի գովազդի կառավարման հնարավորությունից։ Կառավաման վահանակը պարզապես ադմինին «error» ծանուցումն է ցույց տալիս։ Ադմինների բազմաթիվ բողոքներն այդ մասին ֆորումում մնացել է անարձագանք, իսկ եթե հաշվի առնենք, թե որքան մարդ է ամբողջ աշխարհում օգտվում Facebook-ում գովազդի հնարավորությունից, ապա գումարային կորուստներն այս մի քանի օրվա ընթացքում կարող են միլիոնավոր դոլարներով հաշվարկվել։ Մենք բնականաբար չենք պնդում, որ բոլոր ադմիններն են զրկվել էջի կառավարման հնարավորությունից, քանի որ դրա արձագանքը միանգամից կերեւար ֆոնդային բորսաներում Facebook-ի բաժնետոմսերի գնի անկմամբ, սակայն հատկանշական է, որ մինչեւ այս գովազդի կառավարման նման լուրջ խնդիր Facebook-ում չէր նկատվել։
Տեղեկացնենք, որ փետրվարի 16-ին վերջին թարմացումները կիրառած որոշ էջերի ադմիններ նշում են, որ չեն կարողանում էջում նույնիսկ նյութեր հրապարակել։





























