Մտավորականները ամենաշատ սպասված հյուրերն են բոլոր զորամասերում: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի մասնակից մտավորականների հետ հանդիպման ժամանակ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են 2010 թվականին կատարված աշխատանքները, քննարկվել ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը:
Անդրադառնալով զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հայրենաճանաչության ուղղությամբ կատարվող աշխատանքներին` Սեյրան Օհանյանը չափազանց կարեւորել է հասարակական աջակցության ցուցաբերումը այդ նվիրական գործին:
Ելույթներով հանդես են եկել նաեւ ծրագրին մասնակցած մտավորականներ ու կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հայոց բանակը մեր ամենօրյա հպարտության առարկան է: Ոգեշնչված ենք այս համագործակցությամբ եւ մեծագույն հաճույքով ենք շարունակելու համատեղ աշխատանքները»:





























