Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թուրքիային խնդրել է իրեն օգնել Հարավային Կովկասի միավորման գործում, նշելով, որ իր պետությունը այդ դաշինքում բացառում է Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությունը, հաղորդում է վրացական Journal գործակալությունը:
«Միասնական Կովկաս»-ի ստեղծումը գերակայություն է ինձ համար»,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին, շաբաթ օրը Թբիլիսիում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ միասնական Կովկասի ստեղծման շուրջ բանակցությունների ժամանակ:
Ըստ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության, Սահակաշվիլին հայտնելէ, որ այդ մտահաղացումն արդեն քննարկում է ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ: Նա նույնատիպ ծրագիր ժամանակին ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, Վրաստան կատարած այցի ժամանակ, սակայն փորձագետները դրա իրագործումը փաստացի անկարելի էին համարել, քանի որ ԼՂ հակամարտության պատճառով Ադրբեջանը բացասաբար է վերաբերում Հայաստանի հետ հնարավոր համագործակցությանը:
«Այդ գաղափարի իրականացման համար, պետք է երկար ճանապարհ անցնել, չնայած մտահղացումն արդեն իսկ դրական քայլ է»,-ասել է Սահակաշվիլին:
Նա, ինչպես երեւում է, ուզում է լեզու գտնել իրեն հարակից բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից: Նա, Հայաստան այցելության ժամանակ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նույնպես քննարկել է տրանսպորտային ռեժիմի պարզեցման հարցը:




























