Էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում հեռանկարային ծրագրեր են քննարկել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին, այսօր՝ փետրվարի 16-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մարկարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:
Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին իր հերթին փոխանցել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի ողջյուններն ու բարեմաղթանքները:
Նրանք մտքեր են փոխանակել առաջիկայում երկկողմ շփումների օրակարգի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում: Քննարկվել է նաեւ երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների մշտական մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը:





























