«Դեսպաններն իրավունք չունեն խառնվել մեր երկրի ներքին գործերին: Ամեն ինչ սահման ունի»,- նման տեսակետ է հայտնել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը, մեկնաբանելով Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի խոսքի ազատության վիճակի մասին հայտարարությունները:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը՝ վկայակոչելով CNN Türk-ը, Թուրքիայի փոխվարչապետ եւ պետնախարար Բյուլենթ Առընչը տարակուսանք է հայտնել ամերիկացի դիվանագետի հայտարարության առնչությամբ: «Մենք դեսպանի հետ հանդիպել ենք երեկ եւ նա գովացել է Թուրքիայում ընթացող ժողովրդավարացման գործընթացը: Հնարավոր է, պարոն դեսպանն ընկել է մամուլի ազդեցության տակ»,- ասել է Առընչը:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն խոսել է Թուրքիայում խոսքի ազատության մասին եւ ասել. «Մենք չենք հասկանում Թուրքիայում տեղի ունեցողը: Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին: Մի կողմից լրագրողներ են ձերբակալվում, մյուս կողմից՝ խոսվում է խոսքի ազատության մասին: Անկախ մամուլը եւ խոսքի ազատությունը հսկայական նշանակություն ունեն Թուրքիայի համար»: