Չեչնիայում պարտադիր «դրես-կոդ» է մտցվում պետական ծառայողների համար: Այսպես. երկուշաբթիից հինգշաբթի տղամարդ ծառայողները պետք է աշխատանքի գան կոստյումով եւ փողկապով, իսկ ուրբաթ՝ «ավանդական մահմեդական հագուստով»: Կանայք պետք է լինեն «համապատասխան գլխաշորերով» շրջազգեստով կամ էլ ծնկներից ցածր կիսաշրջազգեստով: Նշվում է նաեւ ձեռքերը ծածկող հագուստի երկարությունը:

Իր հրահանգում Չեչնիայի փոխվարչապետ, Կադիրովի վարչակազմի ղեկավար Մոհամեդ Սելիմը հղում է անում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, ով հանդես է եկել դեկտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ:, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ինքը՝ Կադիրովը կողմ է նման փոփոխություններին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կադիրովը «Անիրական քաղաքականություն» հեռուստահաղորդման ժամանակ խնդրել է հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակիին ավելի համեստ հագնվել, «որպեսզի ամեն ինչ չերեւա, հակառակ դեպքում, դա շեղում է տղամարդկանց աշխատանքից»:

«Դուք շատ գրգռիչ եք հագնված, ուստի ես փորձում եմ չնայել ձեզ, Դուք գեղեցիկ եք»,- ասել է Կադիրովն ու շարունակել. «Ես մահմեդական եմ եւ կարող եմ իմ տանը իմ կանոնները թելադրել: Մարդիկ խառնում են: Կա գրասենյակային հագուստ: Ես ասում եմ. Եթե աշխատանքի վայրում կանայք ման գան կիսամերկ, ապա տղամարդիկ չեն կարողանա աշխատել: Ես նրանց կնայեմ գիշեր, թե ցերեկ, կմտածեմ, թե ինչպես նրանց հաջողացնեմ «Սալամ ալեյքում» անել: Իսկ աշխատանքն ինձ համար կհայտնվի 10-րդ պլանում»: