Եմենում զանգվածային հուզումների ժամանակ, որոնք այսօր շարունակվել են, երկու ցուցարար է սպանվել:
Բախումների զոհ են դարձել Ադեն քաղաքի երկու բնակիչներ, եւս 3-ը վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ֆրանս Պրեսս»-ը:
Հարյուրավոր երիտասարդներ, որոնք պահանջում են արդեն 32 տարի երկրի նախագահի աթոռը զբաղեցնող Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականը, փետրվարի 16-ին հավաքվել են տեղի ավտոկայարանի մոտ: Ոստիկանները փորձել են կրակոցներով ցրել ցույցը, մահացու վիրավորելով ակցիայի երկու մասնակիցների:
Դրանից հետո, ցուցարարները փորձել են գրոհով վերցնել քաղաքի շրջաններից մեկի վարչակազմի շենքը, նաեւ այրել են մի քանի մեքենաներ:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կրկին հրազեն է կիրառել, վիրավորելով եւս երեք մարդու: Ի պատասխան, ակցիայի մասնակիցներն սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ եւ բարիկադավորվել փողոցներում:





























