«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը քննադատեց ներկայիս իշխանություններին:

«Ընդհանուր վերահսկողության հեռանկար, 10 հազար ուսուցիչների կրճատում, տարածաշրջանում բազմաթիվ մարտահրավերներ: Մենք անկեղծորեն աջակցել ենք հեղափոխությանը, եւ հիմա էլ չենք ուզում այն ձախողվի, բայց չի կարելի միմյանց գովաբանել առանց խնդիրները տեսնելու: Գնալով ընտրություններին, ամեն մեկը պետք է իրեն հարցնի` ինչ է սպասում, ինչ փոփոխություններ»,- նոյեմբերի 22–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաղդասարյանը:

Պատասխանելով կոալիցիային իր մասնկացության մասին հարցին Բաղդասարյանը նշեց, որ վաղուց  է լքել կոալիցիան, ինչի համար հետո հակառակ կողմը հաշվեհարդար է տեսել (խմբ.՝ թույլ չտալով ՕԵ-ին խորհրդարանում հայտնվել):

«Մենք չենք հրաժարվում պատասխանատվության մեր մասից: Կային տարաձայնություններ եւ մենք հեռացանք: Բոլորն էլ սխալներ են ունենում: Ես որպես քաղաքական գործիչ սխալվել եմ: Բայց պետք է հիշել նաեւ լավը՝ մեր նախաձեռնած օրենքները, ավանդների վերադարձը բնակչությանը», - ասաց Բաղդասարյանը:

«Ես այդ ժամանակ ասացի՝ մարտնչող տգիտությունը գրավում է Հայաստանը եւ հեռացա: Իսկ հիմա երկրին պետք  են գրագետ եւ որակյալ կադրե՞ր, թե՞ կիսագրագետ տգետներ», - ասաց ՕԵ ղեկավարը:

Նրա խոսքով, «Օրինաց երկիրը» չի լինի այնպիսի կոալիցիայի կազմում, որտեղ չի կարողանա ազդել որոշումների կայացման վրա: «Մենք դեմ ենք աննպատակ կոալիցիային, որտեղ խանդը ուժեղ է, քան սերը», - ասաց Բաղդասարյանը:

Գովելով խորհրդարանում սեփական գործունեությունը, նա նկատեց. «Տեսեք, Փաշինյանը ինչքան ելույթ ունեցավ խորհրդարանում, բայց գոնե մեկ օրենք կարողացավ անցկացնե՞լ: Չկարողացավ»: Միաժամանակ նա նշեց, որ «Սերժ Սարգսյանի հագով կարած վարչապետի կոստյումն այժմ Նիկոլ Փաշինյանն է կրում»: