Քննիչները գիշերը ստուգել են «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղում ՀՀ քաղաքացուն վրաերթի ենթարկած Boeing 737 ինքնաթիռը, ինչի հետեւանքով տղամարդը մահացու վնասվածքներ էր ստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
«Գիշերը ինքնաթիռը Աթենքից ժամանել էր Մոսկվա եւ քննիչներչը ստուգել էին այն», - ասել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ օդաչուները թռիչքների կազմակերպման անվտանգության պահանջների խախտման հոդվածով քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու են:
Նոյեմբերի 20-ի երեկոյան, Մոսկվայից Աթենք թռչող Boeing 737-ը, բարձրանալու ժամանակ վրաերթի էր ենթարկել ՀՀ 25-ամյա քաղաքացուն:
Աղբյուրը հաղորդել է, որ ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանը, ով արտաքսվել էր Իսպանիայից, Մոսկվայով Երեւան էր ուղեւորվում: Ինքնաթիռում նա վիճաբանություն էր սկսել, ինչի արդյունքում Շերեմետեւո օդանավակայանում վայրէջքից հետո նրան ձերբակալել էին տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանները Եփրեմյանին ուղեկցել էին մինչեւ ավտոբուս, որը պետք է նրան ինքնաթիռի մոտ հասցներ, սակայն տղամարդը փախել էր իրավապահներից եւ վազել թռիչքուղի, որտեղ էլ ինքնաթիռը նրան հարվածել էր:




























