2018 թվականին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ավանդի համար» Հայաստանի Հանրապետության պետական մրցանակը շնորհվել է ամերիկացի ինժեներ, National Instruments ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրաչարդին: Այս մասին նոյեմբերի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Մուսայելյանի խոսքով՝ մրցանակը շնորհվում է ականավոր գործիչներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեջ բացառիկ ավանդի համար:
«Այս մրցանակի առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն նման շատ այլ մրցանակների՝ ամեն տարի է շնորհվում»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ մրցանակի շնորհումը ահռելի նշանակություն ունի հայկական ՏՏ ոլորտի արժանի իմիջի ձեւավորման համար:
Մամուլի ասուլիսին ներկա «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են նման միջոցառումներին աջակցել:
«Հայաստանում ՏՏ ոլորտի հանդեպ ուշադրության գրավումը պետք է առաջնահերթ նշանակություն ունենա եւ նեղ շահերից վեր դասվի, սա կապված է ամբողջ պետության ապագայի հետ»,- նշեց նա:
Նշենք, որ նախորդ տարիների դափնեկիրներն են այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են՝ «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի հիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո եւ Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» lաբորատորիայի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը եւ «Nest Labs» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը։




























