Հեղափոխական ձայների տերը Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա, ոչ ոք չի կարող հավակնել այդ ձայներին: «Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել այդ ձայներին, որոնք պետք է հասնեն Նիկոլ Փաշինյանին», - ասաց Մարուքյանը: Կուսակցության ղեկավարը շեշտեց, որ դա արդար է եւ ոչ մի այլ ուժ չի կարող պահանջել այդ ձայները, նույնիսկ եթե կա ստորագրված հուշագիր եւ այլ փաստաթղթեր: «Քաղաքական ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ունի համապատասխան ռեսուրսներ ինքնուրույն ներկայանալու եւ իրենց ձայները հավաքելու համար», - ավելացրեց նա:

Քաղաքական գործչի գնահատմամբ, «Ելք» դաշինքի շրջանակներում համագործակցության շարունակությունը իմաստ չուներ, քանի որ, նախ, ինչպես Փաշինյանի կուակցությունը, այնպես էլ «Լուսավոր Հայաստանը», անհրաժեշտ ռեսուրսներ ունեն որպես ինքնուրույն ուժեր ներկայանալու համար, երկրորդ՝ պակաս կարեւոր չէ գաղափարական եւ ծրագրային տարաձայնությունների առկայությունը: Ամենակարեւոր ծրագրային կետերից մեկը, որը մենք անհետաձգելի ենք համարում, Հարկային օրենսգրքի անհապաղ բարեփոխումն է: Նախկին իշխանությունների օրոք ընդունված օրենսգրքով անհնար է բիզնես զարգացնել», -եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Դրանց մասնակցելու են 11 քաղաքական ուժեր: