«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բոլոր հնարավորություններն ունի խորհրդարանում երկրորդ ուժը դառնալու համար: Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ իրենք խորհրդարանական երկրորդ ուժը դառնալու համար ունեն համապատասխան կադրային եւ գաղափարախոսական ռեսուրսներ: «Վերջին 6 ամիսներին մեր կուսակցության վարկանիշը կրկնակի բարձրացել է: Հիմա մենք կարող ենք պնդել, որ երկրորդ տեղին ենք հավակնում: Սա մեր կառուցողական աշխատանքի հետեւանքն է, ինչպես նաեւ բարեփոխումների, որոնք երկրում տեղի են ունեցել»,- նշեց նա:

Մարուքյանի խոսքով՝ ընտրություններում հավասար պայմանները, տոտալ եւ կոպիտ խախտումների բացակայությունը, որոշակի գաղափարախոսական եւ ծրագրային պայքար ծավալելու փորձը հանրության վստահությունը վայելող քաղաքական ուժերին թույլ կտան իշխանության մեջ համապատասխան լեգիտիմ ներկայացուցչություն ստանալ:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ըտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Դրանց մասնակցում են 11 քաղաքական ուժեր: