ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը վստահություն է հայտնել, որ Արեւմուտքի երկրները Ազովի ծովի իրավիճակն օգտագործում են որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու առիթ։

Նրա խոսքերով՝ այս տարվա ապրիլից որեւէ նավապետ չի բողոքել, որ ռուսական կողմից ստուգման է ենթարկվել։ «Բոլոր ստուգումներն անցկացվել են սահմանված կարգի համաձայն»,- ասել է նախարարը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ստիպված է եղել մեծացնել իր զինվորական ներկայությունը Կերչի նեղուցում այն բանից հետո, երբ Ուկրաինայից մի շարք մարդիկ խոստացան պայթեցնել Կերչի կամուրջը։ «Այդ հայտարարություններին, ի դեպ, մենք չենք լսել, որ արձագանքեն մեր արեւմտյան գործընկերները, ովքեր այժմ անհանգստություն են արտահայտում Ազովի ծովում ռուսական իշխանությունների բացարձակապես օրինական գործողությունների մասին»,- ասել է նա։

Նոյեմբերի 19-ին ԵՄ խորհրդի նստաշրջանի արդյունքում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել էր, թե ԵՄ անդամ 28 երկրների ԱԳ նախարարները անհանգստացած են Ազովի ծովում ստեղծված իրավիճակով։