Հայաստանի կառավարությունն այսօր՝ փետրվարի 17-ին հաստատեց Ինովացիոն տնտեսության ձեւավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը, ինչը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, առաջին քայլն է դեպի գիտելիքահենք տնտեսության ձեւավորում։ Նախարարի խոսքով՝ ներկայացված փաստաթղթով չեն հավակնում ներկայացնել, թե ինչպես պետք է ձեւավորվի ինովացիոն տնտեսությունը, սակայն ներկայացնում են, թե ինչպիսին այն պետք է լինի։
Հայեցակարգով ենթադրվում է, որ մինչեւ 2020 թ. գլոբալ տեխնոլոգիական ընկերությունները մուտք կգործեն Հայաստան։
Հատկանշական է, որ սույն նախագծին լուրջ առարկություն է ներկայացրել կրթության եւ գիտության նախարարությունը։ «Հայեցակարգի ամենագլխավոր, սկզբունքային բացթողումն այն է, որ նրանում, փաստորեն, անտեսված է ինովացիոն քաղաքականության կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկը՝ գիտությունը»,- նշված է կրթության եւ գիտության նախարարության տեղեկանքում։
Սակայն էկոնոմիկայի նախարարությունն այս առարկությունը չի ընդունել։ «Ինովացիոն տնտեսության ձեւավորման մեկնարկային ռազմավարության խնդիրներն առնչվում են հետազոտությունների եւ մշակումների (R&D) ոլորտին, այլ ոչ ընդհանրապես գիտության ոլորտին»,- նշված է էկոնոմիկայի նախարարության պատասխանում:




























