Ես հիմա դատարկ ձեռքերով, առանց թղթի պետք է ներկայացնել մեր նախընտրական ծրագիրը: Այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր համակիրների հետ դահլիճում կայացած հանդիպման ժամանակ նշել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Սա իհարկե, մեր շտաբի «փայլուն» աշխատանքի արդյունքն է, բայց ես հիմա կփորձեմ ներկայացնել մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները: Տեւական քննարկումներից հետո ՕԵԿ-ը որոշեց մասնակցել ընտրություններին: Այս որոշումը դժվարին որոշում էր, որովհետեւ վերլուծելով իրավիճակը, անհրաժեշտություն կար հստակ դիրքորոշում արտահայտելու քաղաքական գործընթացների վերաբերյալ: Դուք գիտեք, որ ՕԵԿ-ը հենց սկզբից սատարել է հեղափոխությանը»,-հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանն ու իր գլխավորած իշխանությունն ամեն ինչ արեցին, որ 60 հազար քվե ստացած քաղաքական ուժը՝ ՕԵԿ-ը, չհայտնվի ԱԺ-ում, այն դեպքում, երբ դրանից մի քանի ամիս առաջ ՕԵԿ-ը Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում մոտ 20 տոկոս ձայն էր ստացել. «Սա խոսում էր այն մասին, որ երկրում տեղի ունեցած զանգվածային փողաբաժանման, ձայնագողության եւ ձայնագնման գործընթաց: Սա խոսում էր այն մասին, որ այդ քաղաքական ռեժիմը սպառել էր իրեն եւ Հայաստանում անհրաժեշտ էր արմատական փոփոխություն, հեղափոխություն, որը տեղի ունեցավ: 7 ամիս, առանց խաղեր տալու ՕԵԿ-ը աջակցեց հեղափոխությանը: