Մենք տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո անցել է 7 ամիս, բայց այդ ընթացքում չենք տեսնում քայլեր, ծրագրեր, որոնք հնարավորություն կտան Հայաստանը առաջընթաց զարգացման ճանապարհով տանել: Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ իր խոսքում նշեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց երեք պատճառ, թե ինչու է ՕԵԿ-ը որոշել մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին. «Նախ, մենք տեսնում ենք իրավիճակային, կիսատ-պռատ լուծումներ, չենք տեսնում ռազմավարական զարգացման տեսլական, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, տեսնում ենք օրեցօր աճող մարտահրավերներ ու սպանալիքներ հայ ժողովրդի եւ Հայաստանի հետ կապված, որը մեզ ստիպում է վճռական պոռթկում կատարելու, բերելու մեր տեսակը, մեր մոտեցումը առաջիկա քաղաքական գործընթացներում»,-ասաց նա:
Երկրորդ պատճառը, ըստ Արթուր Բաղդասարյանի արտաքին քաղաքականության լրջագույն մարտահրավերներն են. «Աստանայի գագաթաժողովից հետո ինստիտուցիոնալ խզում է առաջացել Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ: Տեսնում ենք, որ անվտանգային միջավայրը Հայաստանին նոր սպառնալիքներ է առաջ բերում: ԼՂ չկարգավորված խնդիրը, դրան զուգահեռ աճող լարվածությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, տարածաշրջանում շատացող գազամուղերն ու նավթամուղերը եւ այդ ծրագրերից մեր երկրի դուրս մնալը լուրջ երկարաժամկետ սպառնալիքներ են Հայաստանի համար:
Ցավոք, ինչպես նախորդ իշխանություն չէր կարողանում ակտիվ նախաձեռնողական քաղաքականությամբ սպասարկել Հայաստանի շահերը արտաքին քաղաքական հարթակում, այնպես էլ նոր իշխանությունները չունենալով բավարար փորձագություն, չի կարողանում արձագանքել այն սպառնալիքներին ու մարտահրավերներին, որոնք օր շատանում են»:
ՕԵԿ նախագահը նշեց նաեւ երրորդ պատճառը. «Ի վերջո, ինչի՞ համար արվեց հեղափոխությունը. Այն արվեց, որ ժողովուրդը լավ ապրի, որ արմատախիլ արվի կոռուպցիան, անարդարությունը, գանձագողությունը: Հիմա 7 ամիս է անցել, ինչպե՞ս պետք է մեր երկիրը զարգանա, ինչպիսի կադրային ներուժով պետք է զարգանա: Մենք այս հարցերի պատասխանները չենք տեսնում:
Մենք տեսնում ենք, որ արտաքին մարտահրավերներին դիմակայելու անփորձությունը մի կողմից, անկարողությունը մի կողմից լուրջ վտանգներ են ներկայացնում: Տեսնում ենք, որ տնտեսական լուրջ ծրագրի բացակայությունը լուրջ խնդիրներ են առաջացնում: Մենք տեսնում ենք ներդրումների նվազում եւ բացակայություն»,-ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:











