Համատարած հայտարարագրման ծրագիրը եկել է նախորդ իշխանություններից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսին ասաց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը՝ քննադատելով այդ նախաձեռնությունը։

«Հիմա իշխանության նոր ներկայացուցիչները չեն էլ հերքում, որ Հայաստանում կարող է տեղի ունենալ համատարած հայտարարգրում, այն է՝ ավելի ընդգրկուն հայտարարգրում, որի մեջ ներառվելու են նաեւ արտագնա աշխատանքի մեկնածները։ Մենք ասում ենք այս մոտեցումը մեզ համար լիովին անընդունելի է, չի կարելի նման մեխանիզմներով առաջ գնալ»,-ասաց նա։

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այսօր նաեւ խոսվում է որոշ հարկատեսակների բարձրացման հետ կապված, ինչը եւս անթույլատրելի է։

ՕԵԿ նախագահը քննադատեց նաեւ 10000 ուսուցիչների ավել լինելու մասին վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ ասաց, որ ուսուցիչների թիվը մի բան էլ այսօրվա դրությամբ քիչ է։

Արթուր Բաղդասարյանը այս ամենի պատասխանները տալիս է իրենց նախընտրական ծրագրով եւ 50 քայլ են առաջարկում, որով կփոխեն Հայաստանը։