ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ ժողովրդի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել են, եւ ասվածը վերաբերում է նաեւ Ընտրական օրենսգրքի մասով խոստմանը։
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Թալինում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասաց. «Ընտրական օրենսգրքի փոփոխման մասով մեր թիմը լիարժեք իր պարտավորությունը կատարել է, որովհետեւ մենք ԸՕ փոփոխության նախագիծը պատրաստել ենք, 2 անգամ մտցրել ենք ԱԺ, մեզնից կախված ջանքերը գործադրել ենք, որ այդ օրենսգիրքը ընդունվի։ Բայց մի անգամ վերջին պահին 3 հոգի էն կողմից ա փախել, վերջին պահին 2 հոգի մյուս կողմ»։
Նա շեշտեց՝ չեն գնացել հարկադրանքի ճանապարհով, ԸՕ–ի լեգիտիմությունը կասկածի տակ չդելու համար. «Ու մեզ ասում էին՝ գնայիք, հարկադրանքով ԸՕ–ն ընդունել տայիք։ Ի՞նչու մենք այդ ճանապարհով չենք գնացել։ Որովհետեւ Հանրապետականների ուզածը հենց դա էր։ Եթե մենք էդ ճանապարհով գնայինք, ամբողջ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կլիներ կասկածի տակ, որովհետեւ նրանք լացուկոծով գնալու էին միջազգային հանրության մոտ, ասելու էին՝ մենք նախկինում ունեինք ԸՕ, որը միջազգային հանրության կողմից ընդունված էր, բայց հիմա մեզ «զաստավիտով» ստիպեցին ԸՕ ընդունել ու տեղում ընտրություններ անել։ Նրանք անընդհատ մեզ սադրանքի էին ենթարկուըմ, որ գնանք եւ ստիպենք իրենց քվեարկել, որ ԸՕ–ն ու ընտրական ողջ պրոցեսը լինի լեգիտիմությունից դուրս, բայց մենք այդ կոմբինացիան կռահեցինք եւ ասեցինք, որ թույլ չենք տա, որ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը հայտնվի կասկածի տակ»,–հավելեց նա։



























