«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռաֆիկ Խաչատրյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչության աշխատակից Տիգրան Տոնոյանը:
Նրա խոսքով, նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:25-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է կալանավոր Ռաֆիկ Խաչատրյանի մահը: Նախնական վարկածով, ըստ Տոնոյանի մահվան պատճառը «լյարդի ցիրոզ»-ն է, սակայն ավելի մանրամասն այդ հարցին հնարավոր կլինի պատասխանել դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը մահացել էր, 1978թ. ծնված ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը):





























