ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը կանխատեսում է ՀՀ խորհրդարանի ապագա կազմը:

Ելույթ ունենալով՝ «Հայաստանում նախընտրական մրցավազք եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հրատապ հարցեր» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ՝ ռուսաստանցի փորձագետը նշեց, որ արտահերթ ընտրությունները կոչված են նպաստելու հասարակության ինքնագիտակցության բարձրացմանը՝ լինելով այն գործընթացների շարունակությունն ու ամրագրումը, որոնք վերջին կես տարում ընթանում են հանրապետությունում: «Բայց շատ կարեւոր է, թե ինչ կլինի հետո,- հիշեցրեց Վլադիմիր Լեպյոխինը: Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները ժողովրդավարական կլինեն, սա ակնհայտ է:

Լեպյոխինը շարունակեց, որ կան, սակայն, հարցեր հարուցող որոշ բաներ: Առաջին հերթին՝ երբեք չեն լինում լիակատար ժողովրդավարական ընտրություններ, որոնք արտահերթ են անցկացվում, քանի որ անցկացվում են որոշակի քաղաքական ուժի համար, որը դրանում շահագրգռված է: Նրա կարծիքով՝ ենթադրաբար հաղթող կուսակցությանն իրական այլընտրանք է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանը: «Բայց նա ընտրություններին չի մասնակցում: Ընտրություններին չեն մասնակցում ձախերը՝ կոմունիստները եւ սոցիալ-դեմոկրատները, ՀՅԴ-ն ավելի շատ ազգայնական ուղղվածություն ունի, այլ ոչ թե ձախ: Այսինքն՝ ընտրություններին մասնակցում են միայն աջ կուսակցությունները: Կուսակցություններից ոչ մեկն առայժմ չի հայտարարել ակնհայտ ռուսամետ, եվրասիամետ ուղղվածություն: Այս բոլոր պահերի արդյունքում ստացվում է, որ բոլոր 11 ուժերի գաղափարախոսական կողմնորոշումը մոտ է իրար»,- նշեց փորձագետը:

Անձամբ Վլադիմիր Լեպյոխինի կանխատեսմամբ՝  «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում կունենա 60 տոկոսից ավելի մանդատ, ընդ որում՝ նաեւ ընտրողների պասիվության եւ «ներքեւից» կեղծելու փորձերի հաշվին: Փորձագետի կարծիքով՝  խորհրդարանում երկրորդ տեղը կգրավի «Բարգավաճ» Հայաստան կուսակցությունը, իսկ ահա երրորդ տեղը բացառված չէ, որ կարող է զբաղեցնել «Սասնա ծռերը», որը կոնկրետ նշաձող ունի: