Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսում անակնկալներ չեն լինի: «Հայաստանում նախընտրական մրցավազք եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հրատապ հարցեր» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ սոցհարցման արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքը առաջիկա ընտրություններում կստանա ձայների մոտ 68 տոկոսը: Խորհրդարանում հայտնվելու ավելի մեծ հնարավորություններ ունի «Բարգավաճ Հայաստանը»: Սակայն ստացած ձայների թիվը ոչ թե երկու, այլ երեք անգամ պակաս կլինի՝ նախորդ ընտրությունների համեմատությամբ՝ այս անգամ 10 տոկոսի սահմաններում, արդյունքը կախված կլինի նախընտրական քարոզարշավից: «Արտաքին քաղաքականության վեկտորի վերաբերյալ ինչ-որ բանավեճ կլինի, ընդ որում՝ կլինի գլխավոր թեմաներից մեկը: Բայց ընդհանրապես անակնկալներ չեն լինի: Ըստ ավանդույթի՝ ռուսամետ քաղաքականությամբ մշտապես հանդես է գալիս իշխող կուսակցությունը: Այդպես է եղել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք: Նիկոլ Փաշինյանն իրատես է»,- նշեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ոչ մի ռեւերս չի լինի, եւ առաջին կետով նշեց Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը: 

Ընդ որում՝ Վիգեն Հակոբյանը նշեց, որ չէր պնդի, թե «Սասնա ծռերը» խորհրդարան անցնելու ռեսուրս ունի, ընդ որում՝ նրանց ընտրազանգվածի մի մասին «Իմ քայլը» կտանի: Որոշակի ընտրազանգված ունի ՀՀԿ-ն, բայց Հակոբյանը չի կարծում, որ նրանց կհաջողվի մաքսիմում ծրագրին հասնել՝ դառնալ ԱԺ-ում երկրորդը: «Սակայն լավ կրեատիվ աշխատանքի դեպքում նրանք նվազագույնի հույս կարող են ունենալ, եթե չկոտրվեն: Քանի որ կլինի ուժեղ ճնշում իշխանությունների եւ հակահանրապետական ընտրազանգվածի կողմից»,- հավելեց քաղտեխնոլոգը: