Հայաստանում էյֆորիայի որոշակի սառեցում է նկատվում: Այս մասին նոյեմբերի 26-ին «Նախընտրական մարաթոնը Հայաստանում եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության արդի հիմնախնդիրները» թեմայով տեսակամուրջի ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Արեշեւը նկատեց, որ այդ մասին գրում են հայկական լրատվամիջոցները, որոնց դժվար է ընդդիմադիր համարել: Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վերջին երթը.

«Որքան հնարավոր է դատել կադրերից, ի տարբերություն նախորդ բուռն իրադարձություններին, երբ հարյուր հազարներ էին փողոց դուրս գալիս, այդքան շատ ժողովուրդ չի հավաքվել: Հիմա մի քանի հազար է: Տեղեկատվական քարոզչություն էլ այդքան ակտիվ եւ արդյունավետ չէր»:

Նրա խոսքով, կատարվածի պատճառը հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդդիմադիր առաջնորդ չէ, այլ պատասխանատու քաղաքական գործիչ, երկրի առաջնորդ, որը բախվում է բազմաթիվ խնդիրների հետ: Հռետորաբանությունը փոխվում է:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, Արեշեւը նկատեց, որ դրանք կարող են որոշակի վակուումում հայտնվել:

«Կարող ենք բախվել իրավիճակի հետ, երբ վարչապետը պետք է կարգավրի իրավիճակը: Իսկ ինչ վերաբերում է թիմին, այստեղ կարող ենք որոշ խնդիրների բախվել: Ռուսական փորձագիտական հանրությունում ըմռնում են այս խնդիրները», - կարծում է քաղաքագետը: Այդ համատեքստում նա նկատեց, որ հունվարի 1-ից Կովկաս նավահանգստով հաղորդակցությունը  դադարում է:

«Փաստացի կստացվի, որ Հայաստանը ոչ թե 2, ինչպես հիմա, այլ 4, եթե ոչ փակ, ապա դժվարանցանելի սահմաններ ունի: Իրանական կողմի հետ հասկանում ենք, թե ինչու: Վրացականից էլ: Ղարաբաղյան կարգավորման եւ Բոլթոնի այցի հետ կապված ճնշման եւ այլ  միջոցառումների մասին հայտնի է: Եթե փորձենք դեպքից դեպք լուծել խնդիրները, կարող է այնպես ստացվել, որ հնարավոր չլինի լուծել կամ դժվարությամբ կլինի», - ասաց նա:

Նա նաեւ կարծում է, որ  «Սասնա ծռերը» կարող է հայտնվել խորհրդարանում:

«Ամեն դեպքում, չենք կարող բացառել: Նման խմբավորումների քաղաքատեխնոլոգիական ծագումը հասկանալի է», - ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում կա ռուսական բազա եւ կան բավականին շատ ռուսական օբյեկտներ:

«Հետեւաբար կարող ենք միայն հուսալ, որ հարաբերությունները դուրս կգան անկայուն վիճակից, որում հայտնվել էին օբյեկտիվ պատճառներով՝ Հայաստանում իշխանություն էր փոխվում: Բայց դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում անկայուն վիճակը չի վերանա: Կարեւոր է չկորցնել հայ-ռուսական երկխոսության թելը, որը անվտանգության տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունի», - նկատեց Արեշեւը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների համար տնտեսական զարգացմանը զուգընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը  հիմնական խնդիր է:

«Շատ կարեւոր է, որ այդ խնդիրները չդառնան ներքաղաքական պայքարի եւ հաշվեհարդարի պատանդներ», - հավելեց քաղաքագետը: