ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարալիկում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին խորհուրդ տվեց հավաքել համայնքի ընտրողների մեծամասնության ստորագրությունը եւ ուղարկել կառավարություն՝ շեշտելով, որ միայն այն պարագայում, երբ կառավարությունը կհամոզվի, որ դա համայնքի ընտրողների մեծամասնության կարծիքն է, կմիջամտի եւ կհարկադրի համայնքի ղեկավարին հրաժարական տալ պաշտոնից։

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընտրողների հետ հանդիպմանը իր ելույթում Փաշինյանը, «Արտակ, հեռացիր» վանկարկող քաղաքացիներին, մասնավորապես, ասաց․ «Ճիշտ կանենք, որ այնպիսի քայլերով գնանք, որ մեր երկրում հավասարակշռված մոտեցումներ լինի։ Ես առաջարկում եմ հետեւյալը՝ եթե խնդիրը այդքան հասունացած է, համայնքի ընտրողների մեծամասնությունը պետք է իրենք ասեն, որ համաձայն են, որ համայնքի ղեկավարը պետք է հեռանա։ Եթե ընտրողների մեծամասնությունը համաձայն է սրա հետ, ես կարծում եմ՝ կարիք չկա դռների առաջը փակել եւ այլն, ուղղակի համայնքի ընտրողների ստորագրության մեծամասնությունը հավաքեք եւ ուղարկեք, երբ համոզվենք, որ դա համայնքի ընտրողների մեծամասնության կարծիքն է, կառավարությունը այն ժամանակ կկանգնի կոնկրետ իրավիճակի առաջ»։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ համայնքի ղեկավարի հրաժարականի համար պայքարողների մեծ մասին ճանաչում է, ավելին՝ իր ընկերներն է համարում՝ պայքարի ընկերները, սակայն չի ցանկանում թիմային նեղ տեսակետները փաթաթել ամբողջ համայնքի վզին։ «Նրանք, ովքեր պայքարի ակտիվում են, իմ ընկերներն են, իմ հարազատ մարդիկ են, բայց մեր նոր իշխանության առանձնահատկությունն այն է, որ մենք հարազատությամբ չենք առաջնորդվում։ Նրանք գուցե ինձանից նեղացել են, որ ես բավարար ակտիվ չեն, ոչինչ թող մի քիչ էլ նեղանան, կարեւորը սկզբունքից չշեղվենք»։