Ընտրողների ձայները հաշվելիս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեծ անակնկալ է սպասում: Այս մասին նոյեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իշխանությունները, մի կողմից, անընդհատ խոսում են ՀՀԿ-ի քաղաքական մահվան մասին, իսկ մյուս կողմից՝ իրենց ամբողջ քաղաքական ռեսուրսն ուղղում են մեր դեմ պայքարին: Եթե մենք հասարակության շրջանում քաղաքական վստահություն չունենք, եթե մենք այլեւս քաղաքական մրցակիցներ չենք եւ գոյություն չունենք, ապա ինչո՞ւ են պայքարում մեր ուրվականների դեմ: Սա պարադոքս է, որի պատասխանը Փաշինյանին հրաշալի հայտնի է»,- հայտարարեց նա:

Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ-ի անդամ են Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնց գործող իշխանությունները դարձրել են մշտական քննադատության թիրախ: Ինձ շատերն են մոտենում, ասում, որ իրենց ձայնը կտան իմ օգտին, սակայն դրա հետ մեկտեղ, նրանք չեն գա իմ նախընտրական շտաբ՝ աշխատանքը կորցնելու կամ շրջապատի հետ կոնֆլիկտ ունենալու վախից: Մինչդեռ, մեր օգտին իրենց ձայնը տալուն պատրաստ մարդիկ շատ են, եւ դեկտեմբերի 9-ի գիշերը Փաշինյանին մեծ անակնկալ է սպասում»,- շեշտեց քաղաքական գործիչը:

Աշոտյանը նշեց, որ իշխանությունները հասարակության մեջ արյան ծարավի «չիպ» են տեղադրել՝ իրենց, այսպես կոչված, «կոռուպցիայի դեմ պայքարի» միջոցով: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին ուղղված սեւ փիառին, ապա այն բնորոշեց որպես «հետհեղափոխական տեղեկատվական էյֆորիկ տրոցկիզմ, որը դադարեցնելու ժամանակն է»:

«Եթե մենք թեկուզ սխալվել ենք, մեք ենք կրում այդ բեռը: Մենք այլեւս իշխանություն չենք: Բայց մի՞թե նրանք մեզնից լավ են աշխատում: Մի՞թե մեզնից շատ գիտեն: Մենք երկար լեզու ունենք, քանի որ գիտելիքներ ունենք, եւ ճնշված չենք «Փաշինյանի ֆենոմենով»: Մենք կպայքարենք այն խորհրդարանի համար, որտեղ ոչ ոք չի վախենա Փաշինյանին քննադատելուց»,- հայտարարեց Աշոտյանը: