Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Սումգայիթի ջարդերի 23-ամյակի կապակցությամբ փետրվարի 28-ին Փարիզում ցույց կանցկացնի, գրում է Nouvelles d`Arménie-ն։ Համակարգող խորհրդի կողմից տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Սումգայիթի ջարդերից 23 եւ Բաքվի ջարդերից 21 տարի անց Ադրբեջանը նախկինի նման ցանկանում է բռնության գործադրմամբ հակառակվել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին եւ հայերի իրավունքին՝ ազատ ապրել իրենց հողում։ Այս տարիների ընթացքում եւ մանավանդ վերջին ամիսներին Իլհամ Ալիեւի բռնատիրական ռեժիմը բազմապատկում է 1994 թվականին կնքված հրադադարի խախտման դեպքերը»։
Այնուհետ հայտարարությունում նշվում է. «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտում է այդ գործողությունները, մարդասպան ավանդույթների եւ հայերի հանդեպ պանթյուրքիզմի ուղիղ շարունակություն հանդիսացող հայտարարությունները։ Մենք Ֆրանսիայի հայ համայնքին եւ բոլոր դեմոկրատներին կոչ ենք անում միավորվել խաղաղության եւ ԼՂՀ համերաշխության արտահայտման գաղափարների շուրջ»։





























