ՀՅԴ-ն երկրի առջեւ կանգնած խնդիրների լուծման հստակ ծրագրեր ունի։ Այս մասին ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ով նախկինում նախարարական մի քանի պաշտոններ է զբաղեցրել։

Նրա խոսքերով՝ մյուս կուսակցություններն այդպիսի ծրագրեր չունեն, նրանք համախմբվել են մեկ մարդու շուրջը եւ չեն տեսնում երկրի ապագան։ «ՀՅԴ-ն ծնվել է ժողովրդի ծոցից, ժողովրդի տառապանքի արդյունքում եւ նրան ուղղորդում է ուժեղ Հայաստանի ձգտումը, յուրաքանչյուր հայի եւ յուրաքանչյուր քաղաքացու պայքարը»,- ընդգծել է Մինասյանը։ Ի դեպ, նա հայտարարել է, որ ՀՅԴ-ն ավանդական արժեքների կողմնակից է եւ դեմ է տարբեր տիպի այլասերումներին (նկատի ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձանց չկայացած համաժողովը-խմբ․)։

Նա նշել է, որ կուսակցությունը դեռեւս 90-ականների սկզբից մինչ այսօր մեծ դեր ունի երկրում արյունահեղությունների կանխման հարցում։ «ՀՅԴ-ն արդար, ազնիվ եւ անկեղծ է խոսում ժողովրդի հետ»,- նշել է Մինասյանը՝ հիշեցնելով բաց ձեռքերի մասին կուսակցության նշանաբանը։

Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ընտրողների հետ հանդիպումը շարունակվել է երիտասարդ թեւի ձեւաչափով։