Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել` կառավարության անդամ իր մի շարք թիմակիցներին արձակուրդ ուղարկելու վերաբերյալ։

Մասնավորապես, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ:  Դավիթ Սանասարյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին կփոխարինի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ալբերտ Աբգարյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ: Էդուարդ Աղաջանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը:

Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:

Ավելի վաղ, NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ է լինելու և այդ ժամանակահատվածում նրան փոխարինելու է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։