Հայաստանի կառավարող կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները երկրի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ստորագրել են նոր կոալիցիոն հուշագիրը` համագործակցության վերաբերյալ, որը ենթադրում է համախմբված մասնակցություն 2012թ. խորհրդարանական ընտրություններում, նաեւ մեկ միասնական թեկնածուի սատարանում նախագահի ընտրություններում` ի դեմս գործող նախագահի: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հուշագրում, մասնավորապես, ասված է. «Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:
Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին:
Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:




























