Որեւէ լավ բան ընտրություններում չի լինելու, քանի որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, ասաց Դավիթ Շահնազարյանը, ով առաջադրվել է ՀՀԿ–ի ցուցակով։

Ըստ Շահնազարյանի՝ ընտրությունների արդյունքները լավագույն դեպքում ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին. «Այսինքն, մեկ, երկու, երեք ամիս անց քաղաքական խճանկարը լինելու է բոլորովին այլ։ Իշխանությունների նախագծած Ընտրական օրենսգիրքը, եւ արտահերթ ընտրությունների որոշում ընդունելու հարցը գրեթե միաժամանակ էին ներկայացվել խորհրդարան։ Իրականում սա արդեն ի սկզբանե լուրջ կասկածի տակ էր դնում ընտրությունների լեգիտիմությունը, քանի որ այդ որոշումն ընդամենը մեկ մարդու որոշում էր, որը փաթաթվեց մեր հասարակությանը»։