ՀՀԿ արել է երկու քայլ ի շահ պետության։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, ասաց Դավիթ Շահնազարյանը, ով առաջադրվել է ՀՀԿ–ի ցուցակով։
Ըստ Շահնազարյանի, այն, որ «այսօր իշխող վարչախումբը եւ նրա պարագլուխն անընդհատ շեշտում են, որ եղել է խաղաղ, իրենց ասելով թավշյա հեղափոխություն, բայց դա իրենց պատճառով չի որ այդպես է եղել։
«Դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը։ Առնվազն հարգանքի է արժանի այս քայլը, եւ եթե որեւէ մեկը կարծում էր, որ այնքան թույլ էին, որ չէին կարող ուժ կիրառել, խորապես սխալվում են։ Ինչ է, Երանոսյան Լյովան պետք է հրաման չկատարե՞ր»,– նշեց Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ որոշ ժամանակ առաջ դեռ պարզ չէր՝ ՀՀԿ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ինքը հանդիպել էր կուսակցության ղեկավարներից մեկի հետ, ում անունը չնշեց. «Ես հարցրեցի, մասնակցելո՞ւ եք ընտրություններին,թե՝ ոչ։ Գիտե՞ք ինչ պատասխան հնչեց։ Եթե մենք ընտրությունների չմասնակցենք, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի, եւ շատ վտանգավոր է այսօր Հայաստանում ունենալ կասկածելի լեգիտիմության ընտրություն»։
Շահնազարյանը միաժամանակ կարծիք հայտնեց, որ «ընտրությունները փաթաթված էին մեր հասարակությանը, եւ չգնահատել ընտրություններին մասնակցելու նման փաստարկը ուղղակի չի կարելի»։
«Իշխող վարչախումբն ու առաջին հերթին նրա ղեկավարը արդեն ամեն ինչ անում են, որպեսզի ստվեր գցեն ընտրությունների լեգիտիմության վրա։ Վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառումը։ Մի քանի օր առաջ հայտարարում էր, որ որեւէ օրենքի, որուէ միջազգային նորմի դա չի հակասում։ Շատ արագ դա նրան բացատրեցին, մասնավորապես դա արեց իմ գործընկեր Արփինե Հովհաննիսյանը, որից հետո, կամ գուցե այլ պատճառներով, կարծես թե ինչ–որ բաներ հասկացան, եւ որոշեց արձակուրդ գնալ»,– ասաց Շահնազարյանը։




























