Այդ որտե՞ղ կա ՀՀԿ-ական գյուղապետ, որի մտքով անցնում է իր գյուղացիներին ընտրության կամ որեւէ այլ առիթով վախեցնել. ուրեմն այդ գյուղապետեր, իմացեք, անձամ ես գալու եմ ձեր հետեւից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Սպիտակ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Այս երկրում մարդ կա, որ համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ: Տո, այո, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին: Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր: Բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա ասֆալտի վրայից: Ես ոստիկանության ասում եմ՝ թող չփորձի մեկը թփրտալ՝ գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորիդ: Վախեցնում են քաղաքացուն, գլուխներդ պատին եք տվել: Ով եք դուք ընդհանրապես, մի հատ անուն, ազգանուններդ ասեք: Դուք ծակերից պիտի դուրս չգաք, փողոցներում չպետք է քայլեք, ձեր տեղը բանտերում է: Բոլորդ հայտնվելու եք բանտերում, գողեր, թալանչիներ, ստահակներ:
Ես ասում եմ, էս ընտրություններում օրենքով գող կլինի, կրիմինալ ավտարիտետ կլինի, վեշերներդ հավաքեք, մեկդ չթպրտա: Հանրապետական կամ այլ կուսակցության գյուղապետներ, նստեք ձեր կաբինետներում եւ արեք ձեր ամենօրյա աշխատանքը, չփորձեք որեւէ մեկին ասել, թե ում ընտրի»,-հայտարարեց Փաշինյանը:











