Մենք սովոր ենք, որ ազգային ժողովը տականքների, ոչ սկզբունքային մարդկանց, երեսփոխանների տեղ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին Արարատի մարզի Մխչյան գյուղում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության համապետական ցուցակի երկրորդ համար, քաղաքագետ Ստեփանա Գրիգորյանը։
«Ես պրինցիպիալ որոշեցի տղերքի հետ գնալ, որ կամաց–կամաց մաքրենք Ազգային ժողովը թափոններից՝ քաղաքական թափոններից»,–ասաց նա։
Գրիգորյանը չհերքեց, որ տարաձայնություններ ունեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ.
«Ո՞նց եք դուք պատկերացնում, Ազգային ժողովում մի ուժ գերակշռի, հետո՞, որ կառավարության անդամներն ափռ–ցփռ խոսե՞ն. դրա համար պետք է Ազգային ժողովում լինի հակակշիռ, որը հարց կբարձրացնի»,–ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ «Սասնա ծռերը» պատրաստ են կհամագործակցել «Իմ քայլ»–ի հետ. «Ազգային ժողով պետք է անցնեն ազնիվ մարդիկ։ Համաձայնեցիր պաշտոն ստանալ, արի մեզ ծառայիր , նորմալ կհարգենք, եթե լավ բաներ անես՝ կգովենք. «Սասնա ծռերը հակակշիռ կլինեն, կհամագործակցենք «Իմ քայլի» հետ, եթե պետք է կքննադատենք, եթե պետք է՝ բերման կենթարկենք նախարարներին, ամբիոնից կպատասխանեն, թե ինչի հետ է կապված իրենց հայտարարությունները »,–ասաց նա։
Պատգամավորի թեկնածուն նաև անդրադարձավ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի՝ Սյունիք կատարած առաջին աշխատանքային այցի ընթացքում արված հայտարարությանը։
«Էն մի հատ կա է, էն Սյունիքի մարզպետը, որ ասաց՝ ջղայնացնենք ինձ, ես կհիշեմ, որ ոստիկան եմ։ Ես, որպես ՀՀ քաղաքացի նրան կբերեմ՝ կկանգնացնեմ ամբիոնի մոտ, կասեմ՝ հլը լսի, դու ինձ ե՞ս վախացնում, թե՞ «Սասնա ծռերին», ես չեմ ուզում էդ բառները ասել... Կլացացնեմ , խոստում եմ տալիս ձեզ , թող բանակն ինձ թիկունք կանգնի, ես իրեն կլացացնեմ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17–ին Սյունիքի մարզպետարանում Հունան Պողոսյանը, խոսելով իր նշանակման մասին, ասել էր.
«Ես ձեզանից մեկն եմ, խնդրում եմ այնպես չանել, որ իմ մեջ նախկին մասնագիտության տերը խոսի։ Ես եկել եմ աշխատելու, որպես մարզպետ, ես բոլորիդ սիրում ու հարգում եմ»,- նշել է Պողոսյանը:











