Ինչ ես վարչապետ եմ ընտրվել, ոմանք ահազանգում են պարտադրանքների, զիջումների մասին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ես մի անգամ ԱԺ ամբիոնից էլ ասացի՝ այդ ինչի՞ մասին են խոսում այն իշխանության ներկայացուցիչները, որոնք ի վիճակի չեն եղել Հայաստանն արժանապատիվ ներկայացնել ԼՂ բանակցային գործընթացում:

Այսօր Վանաձոր մտնելիս տեսա Վահրամ Բաղդասարյանի պաստառը՝ «Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, քվեարկիր Հանրապետականին»: Ես ուզում եմ հայտարարել, որ ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին թե արտաքին, թե ներքին քաղաքականության առումով մեր անվտանգության երաշխիքները քայքայել է: Բանակը թալանած իշխանությունը անվտանգությունից խոսելու ի՞նչ իրավունք ունի»,-ասաց նա:

Փաշինյանը հավաստիացրեց, որ Կառավարության եւ ժողովրդի ցանկությունների միջեւ Ղարաբաղի հարցի կարգավորման իմաստով որեւէ խզում չկա. «Մենք Ղարաբաղի հարցը ուզում ենք լուծել այնպես, ինչպես ձեզնից յուրաքանչյուր է ուզում, մի միլիմետր անգամ չկասկածեք: Բայց դա մեզնից ջանք է պահանջելու, պետք է շատ աշխատենք ու պետական եկամուտներն ավելացնենք: Պետք է հարկ վճարողները շատանան, իրենց հարկերի թիվը մեծանա, որպեսզի մեր բյուջեն խեղճուկրակ չլիի, կրկնապատկվի, եռապատկվի:

Կոռուպցիայի, չարաշահումների դեմ պայքարի շրջանակներում մենք պետք է աշխատենք լուրջ եւ գողացված փողերը պետք է ուղղենք զինված ուժերի ուժեղացմանը: Ես չեմ ուզում ոչրեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտեմ, ոչ Սարգսյանների ընտանիքի, ոչ Քոչարյանների ընտանիքի, ոչ Խաչատրյանների ընտանիքի, բայց այդ փողերը պետք է հետ բերվեն ու ուղղվեն բանակի հզորացմանը»,-հայտարարեց Փաշինյանը: