Չինաստանում առցանց առեւտրի ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի՝ Alibaba-ի ղեկավար Ջեկ Ման, դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ժենմինվանին»:

«Բարեփոխումների եւ անկեղծության քաղաքականության 40-ամյակի տարում Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեն որոշեց հարգանքի տուրք մատուցել մի խումբ անձանց, ովքեր հատուկ ներդրում են կատարել  նրա զարգացման գործում», - հաղորդում է «Ժենմինվանը»:

Ըստ թերթի, «յուրաքանչյուր տարածաշրջանում քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքներին համապատասխան ընտրվել են թեկնածուներ»: «Համակարգման խորհրդի վերանայումից հետո կուսակցությանը միանալու համար ընտրվել է 100 հոգի», այդ թվում Alibaba-ի հիմնադիր Ջեկ Ման, ինչպես նաեւ Չինաստանի Tencent խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության ղեկավար  Մա Խուատենը:

Հոդվածում նաեւ նշվում է, որ «կուսակցությանը անդամակցության համար առաջարկված թեկնածուների դեմ առարկությունների դեպքում կարելի է հեռախոսով, անձամբ կամ էլեկտրոնային փոստով դիմել  Կենտրոնական կոմիտե մինչեւ նոյեմբերի 30-ը՝ ժամը 17:00»:

Alibaba Group-ը աշխարհում համացանցի ամենախոշոր առեւտրային ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 1999 թվականին չինացի գործարար Ջեկ Մաի կողմից (չինարեն անունը Մա Յուն): 2018 թ. նրա կապիտալիզացիան կազմել է մոտ 500 միլիարդ դոլար, ամբողջ աշխարհում գրանցված օգտագործողների թիվն կազմում է մոտ 80 միլիոն: