«Լուսավոր Հայաստան» կուսակյցության անդամները՝ նրա առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի անցկացման շրջանակում նոյեմբերի 27-ին Ջերմուկի ճանապարհին հանդիպել են Ամուլսարի հանքավայրի գործունեության վերականգնման դեմ հանդես եկող ակտիվիստներին, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Ակտիվիստները Մարուքյանից հետաքրքրվել են, թե նա ինչպես է վերաբերվում խնդրին, ինչին քաղաքական գործիչը պատասխանել է, որ սա բավականին բարդ, զգայուն եւ ոչ միանշանակ հարց է: «Ընդհանուր առմամբ, սա, իհարկե, նախորդ իշխանությունների սխալն էր, որոնք բավականաչափ հետազոտություններ չեն անցկացրել: Ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ: Մենք ներդրողներին Հայաստան ենք հրավիրում, այնուհետեւ, ըստ էության, ասում ենք, իբր, ոչ, պարոնայք, հավաքվեք եւ ձեր ձեռնարկությունները փակեք: Նման քաղաքականությունն անհեռատես է եւ կարող է հարվածել մեր պետության հեղինակությանը: Մենք պետք է դրանից խուսափենք, այլսպես մեզ լուրջ չեն ընկալի: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնել»,- ասել է Մարուքյանը, որը մինչեւ գարնանային իրադարձությունները կտրականապես դեմ էր Ամուլսարի հանքավայրի շահագործմանը:

Ընդ որում՝ նա նշել է, որ ինքն ու իր քաղաքական թիմը հանդես են գալիս ժողովրդի կողմում, եւ եթե քաղաքացիները դեմ են ձեռնարկության գործունեության վերականգնմանը, ապա դրա հետ պետք է հաշվի նստել: ԼՀ ղեկավարը, միաժամանակ, հիշեցրել է, որ հանրապետության շատ մարզերում բնակիչներն իրենք են հանդես եկել նոր լեռնահանքային ձեռնարկությկունների բացման օգտին, ինչը, նրանց կարծիքով, թույլ կտար լուծել Հայաստանում ամենացավոտ հարցերից մեկը՝ համատարած գործազրկության հաղթահարման հարցը: «Իսկ հիմա նույն մարդիկ պահանջում են այդ հանքավայրերը չեզոքացնել: Նրանք այգիներ եւ ծառեր ունեին: Նրանց փող են առաջարկել յուրաքանչյուր հատված ծառի դիմաց՝ այդ տարածքներն արդյունաբերական նպատակներով օգտագործելու համար, եւ մարդիկ համաձայնվել են: Հիմա նրանք ո՛չ այգիներ ունեն, ո՛չ աշխատանք: Բայց դա, ըստ էության, նրանց ընտրությունն էր: Երբ մենք նրանց զգուշացնում էինք հնարավոր հետեւանքների մասին, մեզ ասում էին, իբր, Երեւանում հեշտ են խոսում, քանի որ մայրաքաղաքում հեշտ է ապրելը, իսկ մենք ստիպված ենք ծայրը ծայրին հասցնել, եւ այդ պատճառով մեզ աշխատանքն անհրաժեշտ է»,- շեշտեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը:

Էդմոն Մարուքյանը ակտիվիստներին հավաստիացրեց, որ ինքն այս խնդիրն արդեն քննարկել է փորձագիտական հանրույթի շատ ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ: Քաղաքական գործչի խոսքով՝ դեսպաններն այս հարցում միասնական դիրքորոշում են հայտնել եւ հայտարարել, որ եթե այդ ձեռնարկությունների բացումը կատարվել է օրենքի խախտմամբ եւ կոռուպցիոն բաղադրիչի առկայությամբ, ապա Հայաստանի նոր ղեկավարությունն իրավունք ունի անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկելու օրինականության վերականգնման համար, ներառյալ ձեռնարկությունների հետագա գործունեության ամբողջական դադարեցումը:

Մարուքյանը եւ նրա թիմը ակտիվիստների հետ հանդիպումից հետո ուղեւորվեցին Ջերմուկ, որտեղ հանդիպեցին տեղի բնակիչների հետ եւ քննարկեցին նրանց հուզող խնդիրները, այդ թվում՝ նաեւ տխրահռչակ Ամուլսարի հանքավայրի հարցը: