Մարդիկ ապրելու համար անտառ են կտրում, երբ ուզում ենք արգելել, մեզ ասում են՝ ուզում եք մեզ ապրուստից զրկե՞լ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա մենք էլ ենք ճիշտ ասում, իրենք էլ: Բա էդ թնջուկը ոնց լուծենք: Հիմա սկսում ենք մի այդպիսի ծրագիր Տավուշի Թեղուտ եւ Հաղարծին համայնքներում եւ շարունակելու ենք: Էդ անտառ կտրող ժողովրդին տանելու ենք եւ գրանտներ ենք առաջարկելու: Ասելու ենք, օրինակ տուրիզմի ոլորտում ձեր տունը, բակը, միջավայրը մտածեք, մի ձեռնարկություն ստեղծեք, որ տուրիստները գան բնությամբ հիանալու եւ ձեզ եկամուտներ բերելու: Կլինի ընտանեկան հյուրատներ, ընտանեկան ռեստորաններ, սրճարաններ եւ այլն, անտառում, բնության մեջ:
Մենք ուզում ենք մարդկանց դրամաշնորհներ, էժան վարկեր տալ, եւ ցույց տալ, որ անտառը չկտրելով ավելի մեծ գումարներ կարող են աշխատել, քան անտառը կտրելով»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ եթե հաղթեն ընտրություններում, պետական կառավարման համակարգում լուրջ օպտիմալացում եւ արդյունավետության բարձրացում են իրականացնելու. «Նախարարությունների թիվըւ կրճատելու ենք: Հայաստանում 17 նախարարությունը չափից շատ է»:





























