Մի խաբնվեք սոցիալական բնույթի խոստումներին. հարցրեք՝ իսկ որտեղի՞ց է փողը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Արարատի մարզի Այգեստան գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ,  «Սասնա ծռերի» ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Գրիգորյանը:

«Իսկ մենք ասում ենք՝ որտեղից է փողը. ալան-թալանը վերադարձնենք, նաեւ այն 10 մլրդ դոլարը, որ դուրս բերեցին: Մենք գիտենք կոնկրետ մեխանիզմներ, թե ոնց վերադարձնենք: Դա մեծ պրոբլեմ չի, բայց ես հասկանում եմ, որ կառավարությանը դա դժվար է անել. Ռուսաստանը ճնշում է Նիկոլին, ներսից թալանչիները, օլիգարխները ճնշում են, միայնակ է: Մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանն իր ձայները կհավաքի, ձայն տվեք «Սասնա ծռերին», որ գնա ԱԺ եւ պահանջի կառավարությունից»,-ասաց նա:

Ստեփան Գրիգորյանի ներկայացմամբ, այսօրվա վիճակը պարզ է՝ գող, ավազակները մի խմբում են՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ, մյուս խմբում են Նիկոլ Փաշինյանը, «Սասնա ծռերը»:

«1-2 կարգին ուժեր կան, բայց շատ երիտասարդ են, չեն հասցնի ներկայանալ հասարակությանը: Բայց երկու ուժ, որ շանս ունեն անցնելու, իրենք են»,-ասաց քաղաքագետը: