Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները վատագույնը պետք է աշխատանքի անցնեն Թեղուտի հանքավայրում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդի քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա մանրամասն ներկայացրել Թեղուտի հանքավայրի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի խնդիրները:

«Այս պատմությունն սկսվել է հետեւյալ կերպ. Թեղուտի հանքավայրը շահագործվել է ռուսական VTB բանկից 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ: Թեղուտն աշխատել է եւ այս տարվա հունվար-փետրվարին պարզվել է, որ պոչամբարի վրա ճաք կա եւ Թեղուտի աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ է եղել վերականգնել դա:

Ընկերությունը այդ խնդիրը լուծելու համար փորձել է նոր վարկ վերցնել, եւ քանի որ այդ ընթացքում չի աշխատել, չի կարողացել սպասարկել VTB բանկից վերցրած վարկը: Այդ ընթացքում նաեւ չի կարողացել նոր վարկ վերցնել ամբարտակը նորոգելու համար: Խոսքը մինչեւ 10 մլն դոլարի մասին է:

Ընկերությունը նաեւ չի կարողացել վարկ վերցնել այլ աղբյուրներից, քանի որ եւ «Թեղուտը» եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանը գրավադրված է եղել VTB բանկում: Ընկերությունը նոր վարկ է փորձել ստանալ VTB բանկից, սակայն բանկն ասել է, որ եթե նոր վարկ տամ, պարտքն ավելի կմեծանա եւ դուք էլի չեք կարողանալու այն վերադարձնել:

Կառավարությունը հրավիրել է երկու կողմերին եւ ասել է, որ սա շատ կարեւոր խնդիր է, բանակցեք եւ գտեք լուծում: Արդյունքում «Թեղուտ» հանքավայրը անցել է VTB-ի վերահսկողության տակ: Մենք պարտավորություն ենք դրել, որ VTB բանկը պետք է ներգրավի նոր օպերատոր, որը կաշխատեցնի «Թեղուտի» հանքավայրը: Սա եղել է մեր նախապայմանը:

Մեր ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը եւ խոստացել են, որ հանքավայրը շարունակելու է աշխատել: Մեկ ամիս են ասում, բայց դա խնդիրների հետ է կապված»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ Թեղուտի հանքավայրը չի կարող հենց վաղվանից աշխատել, քանի որ առանց այդ պլատինայի նորոգման, հնարավոր չէ հանքն աշխատեցնել. «Որոշակի ժամանակ է պետք պոչամբարը վերանորոգելու համար: Պարոն Պետրոսյանը խոստացել է, որ հնարավորինս շուտ հանքավայրը կսկսի աշխատել, ընդ որում շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ալավերդու պղնձաձուլարանին, Փաշինյանն ասաց.

«Ոմանք փորձեցին տպավորություն ստեղծել, թե գործարանը փակվել է կառավարության բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքում: Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ դա կապված է Թեղուտի հանքավայրի կարգավիճակի փոփոխության հետ, քանի որ Ալավերդու գործարանը եւս գրավի տակ է: Բանն այն է, որ պղնձաձուլարանն աշխատեցնելու համար պետք է սեփականատերը նաեւ սեփական հանքավայրը ունենա: Հակառակ դեպքում պղնձաձուլարանը չի կարող եկամտաբեր լինել:

Այստեղ կա երկու տարբերակ, կամ պղնձաձուլարանը եւ եւս մեկ հանքավայր մնում է «Վալեքս» խմբին եւ աշխատում է այդ տարբերակով, կամ պղնձաձուրանաը եւս վերցնում է VTB բանկը կամ ռուսական «Ռուսկայա մեդ» ընկերությունը եւ փորձում է աշխատեցնել:

Բայց պղնձաձուլարանը հնացած է եւ այն եւս մեծ ներդրումների կարիք ունի: Մենք այս բանակցություններում ռուսաստանահայ պարոն Պետրոսյանին խնդրել ենք, որ Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ եթե հանկարծ պղնձաձուլարանի հետ կապված պատմությունը երկարի, պղնձաձուլարանի բոլոր աշխատողները աշխատանքի վերցվեն Թեղուտում, ոչ մի մարդ աշխատանքից չզրկվի:

Բացի այդ, Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցելու երկու ներդրումային առաջարկ կա: Մեկը չինական ծագման կապիտալ է, մյուսը՝ իտալական:

Մենք քաջալերելու ենք նոր ներդրումներ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ համաձայնություն տեղի ունենա պղնձաձուլարանի վերաբերյալ»: