Հայաստանի իշխող կոալիցիան այսօր՝ փետրվարի 17-ին համագործակցության նոր հուշագիր է ստորագրել: Ստորեւ ներկայացնում ենք հուշագրի տեքստն ամբողջությամբ:
«Արդեն երեք տարի է Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կազմել են քաղաքական կոալիցիա, որն իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը:
Քաղաքական կոալիցիան ձեւավորվեց մեր երկրի համար դժվարին պայմաններում: Կոալիցիայի ձեւավորումը, նրա նպատակների իրագործման համար կողմերի կամքի եւ վճռականության հայտարարումն ու իշխանության գործունեության հավաքական պատասխանատվության ստանձնումը լուրջ դեր ունեցան երկրի կայունությունն ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Դա նաեւ կարեւոր գործոն դարձավ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, այդ թվում` հարավօսական իրադարձությունների եւ աշխարհը համակած խոր ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սոցիալական լուրջ անկումներ թույլ չտալու գործում:
Քաղաքական կոալիցիան վերստին կարեւորում է հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:
Քաղաքական կոալիցիան հայտարարում է հետճգնաժամային Հայաստանի առաջընթաց զարգացմանն ու մեր հասարակության բարեկեցության բարձրացմանն ուղղված առավել համարձակ քայլերի իրականացման վճռականության մասին` առանձնացնելով կոռուպցիայի դեմ համընդգրկուն պայքարի ու ստվերային տնտեսության էական կրճատման գերակայությունը:
Քաղաքական կոալիցիան ընդգծում է միասնականության կարեւորությունն այս գործընթացում եւ վերահաստատում իր քաղաքական պատասխանատվությունն այդ փոփոխությունների համար:
Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետեւողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:
Հուշագիրը ստորագրրել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:





























