Եթե որևէ մեկի լեզուն պտտվում է համեմատել իշխանափոխության արդյունքում իշխանության գալը և 6 ամիս այդ իշխանությունում ոչինչ չանելը Արցախի հաղթանակի հետ, ուրեմն ինքը ոչինչ չի հասկանում ոչ իշխանությունից ոչ Արցախից: Այս մասին ՀՀԿ քարոզարշավի մեկնարկային միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, տեղեկանում ենք Հ2 հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից։
«Մեզ 4 առանցքային հարց է անհանգստացնում: Առաջինը Արցախի հարցն է. մենք թույլ չենք տալու, որ որևէ մեկը անի քայլեր, որոնք կարող են վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը, որոնք կարող են վտանգել մեր պետության անվտանգությունը: Եթե որևէ մեկի լեզուն պտտվում է համեմատել իշխանափոխության արդյունքում իշխանության գալը և 6 ամիս այդ իշխանությունում ոչինչ չանելը Արցախի հաղթանակի հետ, ուրեմն ինքը ոչինչ չի հասկանում ոչ իշխանությունից ոչ Արցախից», - ասել է Վիգեն Սարգսյանը։
Վիգեն Սարգսյանի խոսքով, այն սև մուրը, որ քսվում է այսօր հայոց հաղթանակած բանակի վրա, պատահական չէ։ «Չենք թույլ տալու սևացնել մեր հերոսներին և գեներալներին, չենք թույլատրելու սևացնել մեր սպաներին, ստեղծել այնպիսի վիճակ, որ զինված ուժերում ծառայությունը դառնա անպատվաբեր, մենք թույլ չենք տալու, որ բանակի նկատմամբ դրսևորվի այնպիսի վերաբերմունք, որ տեսնում ենք այս օրերին: Դա մեր կուսակցության համար սկզբունքային խնդիր է»:
Սարգսյանը նշել է նաև, որ իրենք շատ անհանգիստ են բանակաշինության համար։
«Այսօրվա ելույթներում, այսօրվա քարոզարշավում մարդիկ, որոնք կիլոմետրով հեռու են բանակից, որոնք բանակի հետ առնչվել են, ապրիլյան օրերին 3-րդ գծում խրամատ փորելով, փորձում են խելք սովորացնել մի կուսակցությանը, որի յուրաքանչյուր առաջնորդ, լինի դա Աշոտ Նավասարդյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, կամ այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանը, բանակի կառուցման գործում անձնական հսկայական ներդրում են ունեցել և մեր բանակի կայացման ակունքներում կանգնած մարդիկ են:
Պոպուլիզմը հասցրել են այն աստիճանի, որ բանակի մարտունակությունը չափում են մայկա-տռուսիկով, բայց մայկա-տռուսիկով պատերազմ չեն կրում, մայկա-տռուսիկով ճակատամարտ չեն գնում, փամփո՛ւշտ բերեք, փամփո՛ւշտ»,- ասել է Վիգեն Սարգսյանը:



























