Եվրահանձնաժողովն իր այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում «Օրենքի գերիշխանությունը Ռուսաստանում» անվանումը կրող բանաձեւ է ընդունել, որտեղ խիստ քննադատության է ենթարկվում Ռուսաստանը:
«Եվրահանձնաժողովի անդամներին մտահոգում է տեղեկությունը քաղաքականացված դատական գործընթացների եւ լուրջ հանցագործությունները հետաքննելու փորձերը ձախողելու մասին: Ռուսաստանի դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, որպեսզի դառնա ավելի թափանցիկ, որի մասին խոսել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը»,- ասված է Եվրախորհրդարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանականները քննադատում են Ռուսաստանին Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի դեմ դատավճիռների, լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի եւ Նատալիա Էստեմիրովայի սպանության եւ Սերգեյ Մագնիտսկիի մահվան գործերով հետաքննության արդյունքների բացակայության, նաեւ «Ստրատեգիա-31»-ի շրջանակներում ակցիայից հետո ընդդիմադիր առաջնորդների կալանավորումների համար:
Նրանք կոչ են արել Ռուսաստանին հետեւել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր որոշումներին եւ միջոցներ ձեռնարկել դատական գործերում խախտումները վերացնելու ուղղությամբ:
ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովն արդեն հայտարարել է, որ այդ բանաձեւը «ամբողջությամբ անհիմն է եւ ամբողջությամբ քաղաքականացված»:




























