Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախ տեղի է ունեցել ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ:
Այնուհետեւ կայացել է ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին ԵՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը եւ այլն: Օրակարգային մի շարք հարցերի շուրջ ստորագրվել են փաստաթղթեր:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով: Նա վերահաստատել է, որ Հայաստանը հանձնառու է եւ շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման, այդ թվում՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծման ուղղությամբ:
Միաժամանակ նա նշել է, որ 2019թ. Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵՏՄ-ում եւ պատրաստակամություն հայտնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում, 2019թ. ամռանը:
.jpg)
.jpg)




























