Հայաստանի ԱԳՆ-ում այսօր՝ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջեւ քաղաքական հերթական խորհրդակցությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը եւ Երեւանում գտնվող Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանին:
Բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների հարաբերությունների ձեւավորված օրակարգային մի շարք խնդիրների շուրջ:
Հայ-իրանական բազմաբովանդակ փոխգործակցության շրջանակներում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական բնագավառի հարցերն ու մասնավորապես՝ էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառների ծրագրերի իրականացման ընթացքը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրներին:





























